Գնիշիկաձորի խաղողենին

04.09.2019

Գնիշիկաձորի խաղողենին


Գնիշիկաձորի լանդշաֆտն ուրույն էկոլոգիական խորշ է, որն աչքի է ընկնում սառնորակ աղբյուրներով, կենդանական ու բուսական աշխարհի հարուստ բազմազանությամբ, որտեղ առանցքային նշանակություն ունի խաղողենին: Գնիշիկ գետի ափերին մինչ օրս պահպանվել է մշակովի  խաղողի  նախնին` վայրի անտառային վազը (Vitis vinifera, ենթատեսակ silvestris): Վերջինիս հարևանությամբ հանդիպում են նաև մշակովի խաղողի` երկար ժամանակ խնամված չլինելու հետևանքով վայրիացած թփեր, որոնք աճում են իրենց նախնու կենսակերպով՝ ծառերին փաթաթված կամ ժայռերին մագլցած: Մշակովի խաղողի մի շարք սորտեր կան նաև Գնիշիկի հովտում գտնվող հին (պատմական) այգիներում, որոնց մեջ գերակշռում է տեղական Սև Արենին, որն, ըստ հնագենետիկական ուսումնասիրությունների, մշակվում է հնագույն ժամանակներից: Վերջերս Արենի-1 քարայրից հայտնաբերված և ռադիոածխածնային եղանակով զարգացած միջնադարով հասակագրված (780-1000 թթ., կալիբրացված) խաղողի ընձյուղից անջատված ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ այն գենետիկորեն նման է Գնիշիկաձորի հին այգիներում աճող Սև Արենի սորտին:

Դեռևս հնագույն ժամանակներից խաղողի որթը դարձել է պաշտամունքային բույս, ինչը պայմանավորված է նրա բացառիկ կենսունակությամբ, տնտեսության մեջ և հոգևոր կյանքում ունեցած կարևոր դերով: Որպես սրբազան բույս, այն առանցքային դեր է ունեցել հատկապես արևապաշտ հասարակություններում` դիտարկվելով իբրև «արեգակնային բույս» և արեգակին ուղեկցող խորհրդանիշների՝ թռչունների «կենարար սնունդ»: Այս ավանդույթը ժառանգեց նաև քրիստոնեությունը, որը սրբագործեց ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ: Խաղողի որթը, որպես Փրկչի արյունը խորհրդանշող հեղուկին ծնունդ տվող բույս, նույնացվեց դրախտային կամ կենաց ծառի հետ: Հայոց պատկերացումներում կենաց ծառը մարմնավորում է խաղողի վազը, որն արտացոլվել է նյութական մշակույթի գրեթե բոլոր հուշարձաններում (բարձրաքանդակ, կոթողային արվեստ, որմնանկարչություն, խճանկար, մանրանկարչություն, գեղարվեստ, կիրառական արվեստ և այլն):



Նվիրաբերել